Բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ փոխանցվում են ոչ միայն սեռական ճանապարհով, այլեւ օրալ սեքսի ժամանակ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մարդու պապիլոմայի վիրուս

Մարդու պապիլոմայի վիրուսով կարելի է վարակվել ցանկացած սեռական հարաբերության ժամանակ, այդ թվում օրալ սեքսի: Այդ վիրուսը կարող է հանգեցնել կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի, նաեւ բերանի ու կոկորդի քաղցկեղի զարգացման:

Հերպես

Հերպեսը հնարավոր չէ բուժել՝ այն պահպանվում է օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ սրվելով: Հերպեսի վիրուսի զանազան տեսակններ կան ու դրանցով կարելի է վարակվել ցանկացած սեքսի, երբեմն էլ ամենասովորական մարմնական շփման միջոցով:

Գոնորեա

Գոնորեան բակտերիալ ինֆեկցիա է, որը առաջացնում է բորբոքային հիվանդություններ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են ցավեր սեքսի ժամանակ, հետագայում էլ՝ անպտղություն: Մարդկանց մեծ մասի մոտ այդ հիվանդությունն անախտանիշ է անցնում՝ «լուռումունջ» վնասելով նրանց վերարտադրողական առողջությանը: Գոնորեայով կարելի է վարակվել չպաշտպանված վագինալ ու օրալ սեքսի ժամանակ:

Քլամիդիոզ

Քլամիդիոզը եւս մեկ բակտերիալ ինֆեկցիա է, որը նույնպես սեքսով զբաղվելիս ցավերի՝ իսկ բուժման բացակայության դեպքում՝ նաեւ անպտղության պատճառ է դառնում: Քլամիդիոզը համարվում է կանանց անպտղության ամենատարածված պատճառներից մեկը: Օրալ սեքսի միջոցով քլամիդիոզով վարակվելու դեպքեր ճիշտ է հազվադեպ, բայց պատահում են:

Սիֆիլիս

Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող հերթական բակտերիալ ինֆեկցիան է, որը բուժման բացակայության դեպքում շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Մինչեւ հակաբիոտիկների ստեղծվելը սիֆիլիսը համարվում էր անբուժելի հիվանդություն ու սպանում էր միլիոնավոր մարդկանց: Սիֆիլիսով կարելի է վարակվել ոչ միայն սովորական այլեւ օրալ սեքսի ժամանակ՝ ռիսկը բավականին բարձր է ու շատերը հենց այդպես էլ վարակվում են:

Կաթնուկ

Կաթնուկը (կանդիդոզը) տեխնիկապես չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, քանի որ սնկային հիվանդություն է, սակայն այն իրոք կարող է փոխաննցվել նաեւ սեքսի միջոցով՝ թե վագինալ թե օրալ:

ՄԻԱՎ

Օրալ սեքսի ժամանակ ՄԻԱՎ-ով վարակվելը տեսականում հնարավոր է, բայց գործնականում նման բան հազվադեպ է լինում: Եթե ընդունող զուգընկերը բաց կամ արյունահոսող վերքեր ունի բերանում, այդ դեպքում նա տեսականում կարող է վարակվել: