Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանն, ով վերջին շրջանում որպես դերասանուհի է ներկայանում, այժմ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Աննան պատմել է ոչ միայն նոր կերպարի, այլեւ իր երկրորդ մասնագիտության` դիմահարդարման արվեստի մասին:

««Կայարան»-ում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսեր ու ռեժիսոր Ելենա Արշակյանից, ումից շատ շնորհակալ եմ: Նրան մինչ այս նախագիծը չէի ճանաչում, բայց  կարճ ժամանակում իրար այնքան լավ ճանաչեցինք, որ անգամ ինձ վստահված կերպարը նա որոշակի փոփոխությունների ենթարկեց ու ավելի շատ իմ տեսակին նմանեցրեց,- պատմեց Աննան ու շարունակեց.

«Ի սկզբանե նախատեսված էր, որ իմ հերոսուհին բաց տեսարաններում պետք է նկարահանվի, սակայն ես հայտնեցի իմ անխախտ սկզբունքի մասին, այն է, որ ես չեմ նկարահանվի բաց տեսարաններում, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ,  ուստի Ելենան, լինելով պրոֆեսիոնալ մասնագետ, Սոֆյային այլ երանգներ տվեց: Ի դեպ` հերոսուհուս հետ որոշակի նմանություններ ունենք, ես էլ, Սոֆյան էլ հաշտարար ենք, սկանդալներ ու տեսարաններ չենք սարքի: Իսկ թե հետագայում կերպարս ի՞նչ փոփոխությունների կենթարկվի, ցույց կտա սերիալի զարգացումները, քանի որ միշտ չէ, որ կարող ես ինքդ քեզ խաղալ: Միաժամանակ նշեմ, որ դերասանը ոչ միայն իր տեսակից է փոխանցում կերպարին, այլեւ շատ բան անձամբ է սովորում իր հերոսուհուց»:

Մեզ հետ զրույցում Աննա Դովլաթյանը պատմեց նաեւ, որ շատ է աշխատում ինքնակրթվելու ուղղությամբ.

«Ես մասնագիտությամբ դերասանուհի չեմ ու դա էլ ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի այդ մասնագիտությամբ հնարավորինս լավ ներկայանամ: Այդ ուղղությամբ ես անընդհատ փորձում եմ գիտելիքներ ձեռք բերել: Նկարահնումներին շատ ուշադիր եմ` անկախ նրանից այդ պահին ես նկարահանվում եմ, թե ոչ. Այդպիսով փորձում եմ հետեւել գործընկերներիս եւ հատկապես իրական դերասանների խաղին, ու հմտություններ ձեռք բերել: Ի դեպ` շնորհակալ եմ շատ տաղանդավոր Արմեն Էլբակյանին, ով ինձ շատ է խորհուրդներ տալիս, անգամ մի քանի գրականություն է առաջարկել, որոնք ուսումնասիրելով, ինձ ավելի հեշտ է դառնում կերպարս մարմնավորելը»:

Աննա Դովլաթյանի խոսքով` այս պահին այլ հեռուստաընկերությունների կողմից եւս առաջարկներ ունի, որոնք ընդունել չի կարող, քանի որ նկարահանվելով «Կայարանում», այլ նախագծում հանդես գալ չի կարող:


Դերասանուհի/երգչուհին նկարահանվելուն զուգահեռ աչքաթող չի անում նաեւ դիմահարդարի մասնագիտությունը.

«Այս ընթացքում հասցնում եմ նաեւ դիմահարդարման դասեր տալ աշակերտներիս, ինչը ոչ պակաս պատասխանատու աշխատանք է: Ինձ դուր է գալիս այն, ինչով զբաղվում եմ»,- նշեց նա:

Աննա Դովլաթյանին կարելի է մշտապես հետաքրքիր ոճում տեսնել, հետաքրքրվելով, թե նորաձեւությանը հետեւել սիրող դերասանուհին որպես դիզայներ ներկայանլու ցանկություն չունի՞, պատասխանեց.

«Եթե անկեղծ գտնվեմ` նորաձեւությանը մոլի հետեւողներից չեմ: Կարծում եմ, եթե կարողանում ես համադրել հագուստները, ուրեմն ինքնըստինքյան կարելի է գեղեցիկ հագնվել: Գեղեցիկ լինելու համար անգամ մեծ գումարներ հարկավոր չեն: Ես ունեմ իմ դերձակը, ում վստահում եմ իմ բոլոր մտահղացումները. Ես գծագրում եմ տվյալ հագուստը, իսկ նա իրականացնում է: Իհարկե, ուրախ կլինեմ, որ ապագայում  նաեւ որպես դիզայներ աշխատեմ, բայց, կարծում եմ, դրա համար դեռ ժամանակ է պետք»: